«ՀԿԿ-Ն ԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Է»
Արտաքին քաղաքական իրադարձություններով հարուստ ամռանն իշխանության ներկայացուցիչների գերակշիռ մասը հանգստանում է, իսկ ընդդիմությունը, թեև ակտիվ զանգվածային միջոցառումներ չի կազմակերպում, սակայն չի էլ հանգստանում: «Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեության համար ոչ մի եղանակ չի կարող ազդեցություն ունենալ»,- այս դիտարկմամբ սկսվեց մեր զրույցը Հայաստանի թիվ մեկ կոմունիստ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ:
-Եթե կուսակցությունը լուրջ քաղաքական ուժ է, երբեք չպետք է դադարեցնի իր գործունեությունը,- համոզված է պարոն Թովմասյանը:- Այնպես որ, մարդիկ, ովքեր սեզոնով են աշխատում ու սեզոնային կուսակցություն են, «հանգիստ» ունենալու պատճառների մասին պետք է մտածեն: ՀԿԿ-ն աշխատել է ու շարունակում է աշխատել:
-Եթե մի քանի նախադասությամբ ամփոփենք` ինչպիսի՞ն էր ամառը Հայաստանի համար:
-Քաղաքական ամռանը լուրջ տոն տվեց մադրիդյան սկզբունքների հրապարակումը, աշխատանքային «եռանդ» տվեցին արցախյան հարցի ակտիվացումն ու սրացումը, որի շուրջ քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումները ներկայացրին: Այս ամառը կարելի է կոչել արցախյան ամառ:
-Իսկ ա՛յ, «արցախյան աշնանը» ի՞նչ է մեզ սպասում: Հնարավո՞ր է` տարեվերջին խնդիրն արդեն հանգուցալուծված լինի:
-Հիմնախնդրի լուծման տեսանկյունից` Հայաստանի շուրջ օղակը գնալով սեղմվում է, ցավոք, ի վնաս Հայաստանի: Եթե մինչ այս մենք խոսում էինք Սարգսյան-Ալիև հանդիպումների, համանախագահների այցերի մասին, այժմ արդեն աշխարհի գերտերությունների առաջին դեմքերն են հարցի լուծման իրենց մոտեցումները մեզ ներկայացնում: Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, մինչև տարեվերջ շատ ավելի պարզ կլինեն մեր անելիքները, ու նաև` ինչի ենք հասել շուրջ 20 տարիների ընթացքում: Պատահական չէր երեք տերությունների ղեկավարների հայտարարությունը, որից հետո ասվեց, թե հպանցիկ ճշգրտումներ են եղել սկզբունքների հարցում: Իրականում ոչ մի ճշգրտում էլ չի եղել, դա պարզապես ժամանակ շահելու առիթ էր, քանի որ ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Այնպես որ, լոլո են կարդում:
-Ձեր նշած «ակնհայտ» փաստերը և նախադրյալները հիմք տալի՞ս են ենթադրելու, թե ղարաբաղյան հիմնախնդիրը կլուծվի հօգուտ արցախահայության:
-Ինձ ամենից առաջ հետաքրքրում է Արցախի կարգավիճակը: Եթե հասնենք նրան, որ սկզբից լուծենք այդ խնդիրը, այնուհետև մյուսները, ամեն ինչ հասկանալի ու ընդունելի կլինի: Հայաստանի ու Արցախի առջև դրված է երկու կարևոր հարց` խաղաղության պահպանում և Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում: Ինձ հուզում է նաև փախստականների հարցը, քանի որ ադրբեջանցիներն իրենց փախստականների առնչությամբ արդեն հրապարակում են աստղաբաշխական թվեր, իսկ նախորդ տարիներին հիանալիորեն օգտագործեցին վերջիններիս` որպես թանգարանային նմուշ ցուցադրելով միջազգային հանրությանը: Այնինչ, մեր փախստականները բավականին ծանր պայմաններ են անցկացրել այնտեղ, և այն, ինչ նրանք Ադրբեջանում են թողել, մի քանի միլիարդով ավելի է, քան նրանց թողածն այստեղ: Մեր փախստականների վերադարձի դեմ լրջորեն աշխատում են այստեղից գնացած փախստականները, իսկ վերջիններիս կարծիքն ադրբեջանական ղեկավարությունը հաշվի է առնում:
-Ստեղծված իրավիճակում, Ձեր կարծիքով, առաջնահերթ ինչպիսի՞ քայլեր պիտի կատարի ՀՀ իշխանությունը, որոնք ընդունելի կլինեն հանրության համար:
-Իշխանությունը պետք է Արցախի հետ համատեղ գործողությունների ծրագիր մշակի` Արցախը դարձնելով բանակցային կողմ, քանի որ վերջինս, կարծես, ամբողջովին դուրս է մնացել բանակցություններից: Այս խնդրով պետք է մտահոգված լինեն ոչ թե տեղի անհատները, կամ որոշ քաղաքական ուժեր, այլ նախագահը, Ազգային ժողովը, կառավարությունը: Վերոհիշյալ ծրագիրն այնպես պետք է ձևավորել ու մշակել, որ դրա թիկունքում կանգնած լինի հայ հանրությունը, քանի որ գաղտնիք չէ, որ այսօր իշխանությունների և ժողովրդի միջև գոյություն ունի «սալջարդ»: Այս «սալջարդը» վերացնելը բավականին բարդ է, քանի որ ժողովուրդն իր կյանքով է ապրում, իսկ ներկայիս իշխանավորները` լիովին այլ կյանքով: Հարկավոր է շեշտակի բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը, ապահովել աշխատանքով, կրթությամբ, առողջապահության հասանելիությամբ, սանձել առաջին անհրաժեշտության ապրանքների գների խայտառակ աճը և այլն: Վերջերս Վանաձորում էի, և քիմիական համալիրի աշխատողները բողոքում էին, թե ստիպված վարչապետին խնդրել են, որ պարտադիր ամիսը մեկ անգամ այցելի Վանաձոր, որպեսզի իրենք աշխատավարձը ժամանակին ստանան, այլապես աշխատավարձ են ստանում 5-6 ամիսը մեկ:
Ի վերջո, բնությունն իր բարիքներն ու հարստությունը տվել է ժողովրդին, այլ ոչ թե օտարերկրացու կամ «հաջողակի», ով եկել կանգնել է մոլիբդենի, ոսկու, պղնձի, շինանյութերի հանքերի վրա ու ասում է` «էս սարն իմն է, էս ծառն իմն է, ինչ կուզեմ` կանեմ»: Վերջապես ժողովուրդն ինչ-որ բանից պետք է օգտվի՞, թե՞ ոչ: Սա պատկանում է հայ ժողովրդին։ Այսօր ամեն ինչ ներկրվում է, բայց ձուն, հավի միսը կարող ենք, չէ՞, արտադրել, մի՞թե մեր հավի միսն ավելի վատն է, քան Բուշի տոտիկները: Կանչեն դրանց տիրակալներին, ձեռքը խփեն սեղանին ու ասեն` «Ընկեր հավաբուծական ֆերմաների տերեր կամ զավթիչներ, այսքան տոննա հավի միս պետք է արտադրվի»: Սրա անունը, լավ, մի դրեք պլանավորում, բայց ունեցեք հստակ ծրագիր և զարգացրեք տեղական արտադրությունը: Չեն կարող դա անել, որովհետև իրենք բոլոր տեղերում փայատեր են։
-Փաստորեն, կա հասարակության մի զգալի հատված, որը դժգոհ է իշխանությունների գործելակերպից: Այն ընդդիմությունը, որն այսօր կա, կարողանո՞ւմ է հաջող կոնսոլիդացնել այդ հատվածին` իրավիճակից ելքեր նախանշելով:
-Չգիտեմ` ո՞ւմ եք ընդդիմություն համարում, բայց վստահեցնում եմ, որ ՀԿԿ-ն արմատական ընդդիմություն է: Իսկ իրենց ընդդիմություն հորջորջողները ժամանակին ղեկավարել են երկիրն ու այս բոլոր վատ բարքերի հիմքերն իրենք են դրել: Ո՞նց թալանվեց խնայդրամարկղերի 11 մլրդ ռուբլին, ո՞նց ողջ արդյունաբերությունը փոշիացվեց: Երկիրը թալանվեց, ինչը շարունակվում է մինչ օրս` այս իշխանությունների օրոք։ Այդ հարստությունը ստեղծվել էր ժողովրդի քրտինքով։ Եթե թալան տեղի չի ունենում, ի՞նչ միջոցներով են կառուցվում այս դղյակները, ինչպե՞ս են ստեղծվում սեփական շքեղ ավտոմեքենաների շարասյուները։ Մի բան պետք է հստակ արձանագրել, որ երկրում տեղի է ունեցել և շարունակվում է տնտեսական խոշոր հանցագործություն, որը վաղեմության ժամկետ չունի, և դրա պատասխանը դեռ տալու են դրանց հեղինակները և նրանց հաջորդած իշխանությունները, որոնք պարտակել են այն։ Այս համակարգը փտած է, տառապում է փտախտով և երբեք չի ծառայել ու չի ծառայելու ժողովրդին:
-Մի փոքր անդրադարձ հայ-թուրքական հարաբերություններին: ՀԿԿ-ի դիրքորոշումն ինչպիսի՞ն է` Սերժ Սարգսյանը պե՞տք է գնա Թուրքիա:
-Կարծում եմ` նախագահն արդեն առաջադրել է պայման, թե երբ կբացվի սահմանը, մենք կազատվենք շրջափակումից։ Ասել է` արդեն նախապայման դրված է, չնայած դրա կատարումը խոշոր հարցականի տակ է, այնպես որ, ֆուտբոլային դիվանագիտությունը դեռևս գտնվում է ժոնգլյորային մակարդակում: Նախագահը հարցադրումներով է հանդես եկել և, լավ կլիներ, եթե նա Թուրքիա գնար Արևմտյան Հայաստանով, այսինքն, նա իր նախապայմանն ապացուցեր գործնականում, չնայած հայ ժողովուրդը դեռևս հսկայական նախապայմաններ ունի Թուրքիայի նկատմամբ:
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հ. Գ. -ՀԿԿ-ի ղեկավարը, բնականաբար, չէր կարող շրջանցել կոմունիզմի «հին ու բարի» ժամանակները` հընթացս նշելով, որ մենք տոնում ենք առաջին և երրորդ հանրապետությունների անկախության օրը, մինչդեռ Սովետական Հայաստանի հիմնադրման օրը` Նոյեմբերի 29-ը, անուշադրության է մատնված, որը, ըստ կոմունիզմի ջատագովի, «ամենածաղկուն 70 տարիներն էին»: Տոն հռչակելու պահանջով Թովմասյանը պարբերաբար դիմել է օրենսդիր, պետական մարմիններին, վերջերս էլ` Հանրային խորհրդին: